Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Մտածե՛ք, քանի դեռ շատերը չեն սկսել խոսել վերջնագրերի լեզվով

Մտածե՛ք, քանի դեռ շատերը չեն սկսել խոսել վերջնագրերի լեզվով
18.07.2013 | 16:17

Ազատամարտիկ, ղարաբաղյան պատերազմի մասնակից, բազում պարգևների, այդ թվում նաև` ԼՂՀ «Մարտական խաչ» պարգևի արժանացած Խաչիկ Ավետիսյանը արդեն քանի օր է, ինչ Ազատության հրապարակում հացադուլ է հայտարարել: ԶԼՄ-ների միջոցով հանրությանն ուղղած իր նամակում նա, ի մասնավորի, նշել է. «1992 թ. խրամատում տեսել եմ բազմաթիվ մարդկանց, ովքեր մինչ այդ հազար ու մի կնճիռ են ունեցել իրենց կյանքում, ընդհուպ մինչև գողեր, հանցագործներ և այլն: Բայց հայրենիքի իշխող ոգին գողին ու հանցագործին զինվոր ու մարդ էր դարձրել, իսկ այսօր քանի-քանի խրամատի ընկերներ եմ տեսնում, որոնց պետությունը, այս կամ այն պաշտոնին նշանակելով, գող ու հանցագործ է դարձրել: Պատասխանը միանշանակ է. սա արդեն պատերազմ է, ինչ-որ մեկը մեզ պատերազմ է հայտարարել, մեր պետությունը դարձրել հիմնական զենք և դրանով ոչնչացնում է երկիրը, ժողովրդին»:

Այնուհետև իր զգացական ելևէջներով հագեցած կոչում Խաչիկ Ավետիսյանը հայտարարում է. «Իմ պահանջն ուղղված է համայն հայությանը, համախմբվենք ու 21-րդ դարը մերը դարձնենք: Ես հացադուլից դուրս կգամ հուլիսի 28-ին, ժամը 18.00-ին, պայմանով, որ այդ օրը, այդ ժամին, այստեղ` Ազատության հրապարակում, տեսնեմ հավաքված ևս 10000 հայի, որոնց համար թանկ է հայրենիքի ճակատագիրը: Հակառակ դեպքում շարունակելու եմ 10 օր նույն պայմանով ու շարունակաբար, մինչև հայ մարդը իր մտքից ու հոգուց կհանի այն կործանարար հիվանդությունը, որը կոչվում է «պարտվողական գոյատևում», կամ…»:
Մեր զրույցի ժամանակ Խաչիկ Ավետիսյանը նշեց, որ միայն Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից են իրեն այցելել, իսկ, օրինակ, կառավարությունից կամ իշխանության այլ ներկայացուցիչներ չեն հիշել իրեն: Խաչիկ Ավետիսյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես է վերաբերվում այն փաստին, որ ԱԺ-ն վերջերս ընդունեց «Երկրապահի կարգավիճակի մասին» օրենքը:
«Դա օրենք չէ, դա ծիծաղի առարկա դարձրեց ընդունողներին էլ, մեզ էլ»,- ասաց Խաչիկ Ավետիսյանը` նշելով, որ իր պահանջները չեն աղերսվում «Երկրապահի կարգավիճակի մասին» օրենքին, չնայած ինքը լիովին համամիտ է այն ազատամարտիկների հետ, որոնք իրենց իրավունքների հարցն են արծարծում: Խաչիկ Ավետիսյանը հայտնեց, որ իր պահանջներն ավելի գլոբալ են:
«Իսկ այն գյուղացին, որը բողոքներ ունի, նա առանձին բողոքի՞: Կան հասարակության տարբեր շերտեր, որոնք ունեն պահանջներ, նրանք առանձին-առանձի՞ն ներկայացնեն իրենց պահանջները: Այնպես որ` ես միայն ազատամարտիկների համար չեմ պայքարում»,- ասաց Խաչիկ Ավետիսյանը: Հետո, ավելի հետ գնալով, Խաչիկ Ավետիսյանը հատուկ շեշտեց, որ ՀՀ երեք նախագահներն էլ չեն մտածել ազատամարտիկներին սատարելու, նրանց կարգավիճակի հարցը լուծելու մասին:
«Նրանք մտածված քաղաքականություն են իրականացրել, որ ազատամարտիկը չբարձրանա ընկած տեղից, մնա իր տեղում»,- ասաց Խաչիկ Ավետիսյանը: Ազատամարտիկին հիշեցրինք, որ նույն երեք նախագահների օրոք կան մեծ կարողությունների ու դիրքերի հասած ազատամարտիկներ:
«Այո, այդպես է, բայց նրանք ծառայել ու ծառայում են մեկ անձի, ոչ թե հայրենիքին: Յուրաքանչյուր բնագավառում եթե մարդը ծառայում է մեկ անձի, նա կանի կարիերա, առաջխաղացում»,- ասաց հացադուլավոր ազատամարտիկը:
Անկախ այն բանից, թե ինչպես կվարվի առաջիկայում Խաչիկ Ավետիսյանը, նրա այսօրվա կոչն ու պահվածքը պետք է ահազանգ լինեն իշխանությունների համար: Պետք է ահազանգ լինեն, որովհետև երբ պատերազմի թոհուբոհով անցած, խաղաղության պայմաններում էլ բազում զրկանքների դիմակայած մարդիկ են սկսում խոսել վերջնագրերի լեզվով` պահանջելով համախմբում (թեկուզ ոչ հստակ ձևակերպումների լեզվով), ուրեմն մի շատ մեծ անդունդ է գոյացել նրանց ու իշխանությունների, նրանց ու հասարակության միջև: ՈՒրեմն բոլորն իրար հետ խոսում են ոչ այն լեզվով, որը կարող է հավասարապես ընկալելի լինել թե՛ ազատամարտիկի, թե՛ իշխանավորի, թե՛ այլ խավ ներկայացնող քաղաքացիների համար:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1267

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ